Բեյոնսեն ու Ջեյ Զին գլխավորել են Forbes-ի ամենահարուստ զույգերի վարկանիշային աղյուսակը

Ամսաթիվ: 13:09:20 - Դիտում: 755

Հանրահայտ ամերիկյան r'n'b ոճի երգչուհի Բեյոնսե Նոուլսն ու նրա ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին, գլխավորել են Forbes հանդեսի ամենահարուստ զույգերի ամենամյա վարկանիշային աղյուսակը։ Ինչպես նշում է Forbes-ը, 2012թ. հունիսից 2013թ. հունիսն ընկած ժամանակահատվածում զույգը, ըստ ամսագրի հաշվարկների, համատեղ վաստակել է 95 մլն դոլար։ Սակայն Բեյոնսեի ու Ջեյ Զիի ֆինանսական հետաքրքրությունները չեն սահմանափակվում երաժշտական բիզնեսով։ Երգչուհին ներկայացրել է հագուստի ու պարֆումերիայի սեփական շարքը, իսկ նրա ամուսինը հիմնել է մարզական գործակալություն։
Վարկանիշային աղյուսակի 2-րդ հորիզոնականում են հայտնվել բրազիլացի մոդել Ժիզել Բունդհենն ու ամերիկյան ֆուտբոլի խաղացող Թոմ Բրեդին։ Նույն ժամանակահատվածում զույգն աշխատել է 80 մլն դոլար։ Բունդհենը ոչ միայն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելն է, այլ նաև կոշկի արտադրությամբ զբաղվող Grendene բրազիլական ընկերության համասեփականատերը։
Լավագույն եռյակը եզրափակում են հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, ովքեր վաստակել են 50 մլն դոլար։ Forbes-ն ընդգծում է, որ ի տարբերություն վերը նշված 2 զույգերի, Փիթի ու Ջոլիի ընտանեկան բյուջեն լցվել է միայն նկարահանումներից ստացված գումարով։ Թերևս, բացառություն է միայն Փիթի մասնակցությունը Channel No. 5-ի գովազդային հոլովակում, ինչի դիմաց նա ստացել է 7 մլն դոլար։
Հնգյակում տեղ են գտել նաև դերասաններ Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը (35 մլն դոլար), ինչպես նաև ռեփեր Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը (30 մլն դոլար)։