Մեր սերնդին վիճակված էր տեսնել և վերապրել մի ողբերգություն, որը դրոշմված մեր գիտակցության մեջ երկար էր մնալու. Նազելի Բաղդասարյան

Ամսաթիվ: 20:12:07 - Դիտում: 169

Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեզ բաժին հասած մեծագույն փորձությունից՝ Սպիտակի երկրաշարժից անցել է 32 տարի։ 88-ի այս օրը ժամանակը կանգ առավ, հաջորդող տարիները իմ ու իմ հասակակիցների հիշողության մեջ մնացին որպես աղետի տարիներ։
Մեր սերնդին վիճակված էր տեսնել և վերապրել մի ողբերգություն, որը դրոշմված մեր գիտակցության մեջ երկար էր մնալու։ Նետված մարտահրավերներին դիմակայել էր պետք՝ չընկճվել, չխեղճանալ, մեջքը շտկել և գյումրեցուն բնորոշ պատվախնդրությամբ ոտքի կանգնեցնել քաղաքը։ Փլատակներից վեր հառնած մեր ոգին անպարտելի էր, ապրելու ձգտումը՝ մեծ։ Մենք վեր հառնեցինք վշտի ու կորստի ցավը թողնելով անցյալում։
Երեք տասնամյակ անց, մենք վստահ էինք, որ ապրելու ու ապրեցնելու ժամանակն է եկել։ Բայց մեր ազգին բաժին ընկած ողբերգությունը կրկին արթնացրեց մեր մեջ այն ցավը, որն արդեն ապրել էինք։ Մեր սպիացող վերքը կրկին արնահոսեց, արնահոսեց համայն աշխարհի և մարդկության լռության ներքո։
Հարգելի՛ գյումրեցիներ, հիմա առավել քան երբևէ պետք է լինենք միաբան ու տոկուն, տարաձայնությունները հարթենք փոխադարձ հարգանքի ու երկխոսության միջոցով, որպեսզի ազգովի հաղթահարենք մեզ վիճակված մարտահրավերները։