Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում ականազերծման աշխատանքների ժամանակ հայտնաբերել են 10 կասետային զինամթերք

Ամսաթիվ: 20:12:04 - Դիտում: 121

Ռուսաստանի ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներահետախուզական ու տեղանքի ականազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Օրվա ընթացքում ռուս խաղաղապահները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են Ստեփանակերտի հարավային ծայրամասը։ Իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 10 կասետային զինամթերք։ Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 45 հա տեղանք, ավելի քան 14 կմ ճանապարհ, հայտնաբերվել ու ոչնչացվել է ավելի քան 1120 պայթյունավտանգ առարկա։ ՌԴ ՊՆ-ից նաև հայտնում են, որ Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատներն օգնություն են ցուցաբերել տեղի բնակիչներին։ Օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկներն ընդունել են շուրջ 40 տեղաբնակի։ Բացի այդ, Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցում նրանք օգնել են տեղի բժիշկներին վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակում գտնվող հիվանդների հետ աշխատանքում։