Ռազմական գործողություններին մասնակցելու համար արգելանքից ազատված, բայց ծառայությունից խուսափած անձանց վարքագիծը կքննարկվի. դատախազություն

Ամսաթիվ: 20:11:28 - Դիտում: 103

Արցախյան պատերազմին մասնակցելու և առաջնագիծ մեկնելու ցանկություն հայտնած և այդ հիմքով խափանման միջոցի փոփոխմամբ ազատ արձակված. բայց պայմանները խախտած անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կրկին կիրառելու միջոցներ կձեռնարկվեն, իսկ ռազմական գործողություններին մասնակցությունից խուսափած անձանց վարքագիծը հաշվի կառնվի նրանց խափանման միջոցների փոփոխման միջնորդությունների ներկայացման և քննարկումների ժամանակ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայով պայմանավորված ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձինք ևս դիմումներ էին ներկայացրել՝ խափանման միջոցի փոփոխման և առաջնագիծ մեկնելու համար։ Նոյեմբերի 6-ի տվյալներով՝փոփոխվել էր 12 կալանավորի խափանման միջոց, 11 դատապարտյալ պայմանականորեն վաղաժամկետ ազատ է արձակվել։ Ներկայացված յուրաքանչյուր դիմումի նկատմամբ ցուցաբերվել է խիստ անհատական մոտեցում՝ հաշվի առնելով թեմայի նրբությունը։
Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ անազատության հետ չկապված խափանման միջոցի կիրառմամբ ազատ արձակված մեղադրյալների կողմից ազատության մեջ մնալու պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով։ Նրա փոխանցմամբ՝ պայմանների խախտման վերաբերյալ փաստական տվյալների ձեռքբերման դեպքում կկիրառվեն դրանից բխող համապատասխան միջոցներ՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կրկին կիրառելու համար։
«Թեև ՀՀ իրավասու մարմինների կողմից զորակոչվելուց հետո այդ անձինք գտնվում են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի տրամադրության և իրավասությունների ներքո, այդուհանդերձ, ռազմական գործողություններին մասնակցության ցանկության մասին դիմումի առկայության պայմաններում ռազմական գործողություններին մասնակցությունից հրաժարվող անձանց պարագայում նման վարքագիծը հաշվի կառնվի նրանց նկատմամբ խափանման միջոցների փոփոխման միջնորդությունների ներկայացման և քննարկման շրջանակներում»,- նշեց Խաչատրյանը։
Նշենք, որ ՀՀ դատախազությունը չի տիրապետում խափանման միջոցի փոփոխության արդյունքում ազատություն ստացած, ինչպես նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակված անձանց գտնվելու վայրն անհայտ լինելու վերաբերյալ տվյալների։