Հետպատերազմական շրջանի օրենսդրական փոփոխությունները

Ամսաթիվ: 20:11:27 - Դիտում: 134

Նախորդող օրերին բազմաթիվ հանդիպումներ ունենալով զոհված եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքների հետ՝ ի հայտ եմ բերել մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար պահանջվում են օրենսդրական արագ փոփոխություններ։
Մասնավորապես՝ զոհվածների
ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովման, իրավական կարգավիճակի եւ փոխհատուցման կարգի հստակեցման համար։ Առաջին իսկ օրվանից համագործակցության արդյունքում Պաշտպանության նախարարության մեր գործընկերներն արձագանքելով բարձրացված խնդրին փոփոխություն են իրականացրել․
ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացիներին (ներառյալ՝ պաշտպանությանը մասնակցող կամավորականների) դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները կրճատվել են․ առաջին դեպքում՝ մինչեւ 3 ամիս, երկրորդ դեպքում՝ ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի հետո։
Քաղաքացիական օրենսգրքի այս փոփոխությունները կքննարկվեն ԱԺ-ի առաջիկա նիստերում։
Հաջորդը վերաբերում էր Շուշիում զոհված ոստիկաններին, որից 14 Շիրակի մարզից են, եւ նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովման համար նույնպես անհրաժեշտ էին փոփոխություններ իրավական ակտերում։ Կապի մեջ լինելով փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի հետ հարցի լուծման համար փոփոխություն է առաջարկվել 23․01․2003 թ․ կառավարության թիվ 176-Ն որոշման մեջ, որով մասնավորապես նշված է՝ Ոստիկանության զորքերում ծառայող և ոստիկանության զորքերում ծառայության ընդունվող կամ ոստիկանության զորքերում ծառայությունից ազատված անձանց բժշկական փորձաքննությունն իրականացնելիս հանձնաժողովն առաջնորդվում է զինվորական ծառայության ընդունվող և զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց բժշկական փորձաքննության հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով:
Սա եւս հնարավորություն կընձեռի, որպեսզի վերոգրյալ անձինք « Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու դառնան։
Այսօր արդեն նախատեսել ենք հանդիպում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ, պատրաստվում ենք քննարկել զինհաշմադամության վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ եւ բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի արագացված մեխանիզմի ներդրման տարբերակներ։