Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ մինչև 94 հազար քաղաքացի․ Մեսրոպ Առաքելյան

Ամսաթիվ: 20:11:26 - Դիտում: 105

Արցախահայության համար Հայաստանի կառավարությունն այս պահին ունի հաստատած երկու աջակցության միջոցառում։ Այս մասին կառավարության նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Նա նշեց, որ առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին։ «Յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ 68 հազար դրամի չափով։ Այս պահի դրությամբ արդեն մոտ 30 հազար քաղաքացի ունի հաստատ դիմում։ Եվ այսօրվանից արդեն վճարումները Հայփոստի և Արցախփոստի բաժանմունքների միջոցով կիրականացվի։ Հակահամաճարակային միջոցառումները պահպանելու համար փոքր խմբերով կստանան։ Դիմումների հոսքը շարունակվում է։ Մեր գնահատականով այս միջոցառման շահառու կարող են հանդիսանալ մինչև 94 հազար քաղաքացի»,- ասաց նախարարը։
Երկրորդ միջոցառումն, ըստ Առաքելյանի, վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ում բնակավայրերն այս պահին գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս։ Այդ քաղաքացիներին տրամադրվելու է օժանդակություն՝ յուրաքանչյուրին՝ 300 հազար դրամի չափով։ Ըստ նախարարի՝ արդեն հաջորդ շաբաթվանից քաղաքացիները կսկսեն դիմումներն էլեկտրոնային տարբերակով ներկայացնել, և մի քանի օրից կսկսվի այդ գումարների վճարումը։
Այս երկու միջոցառումներից մեկ ընտանիքից մի քանի անդամ կարող են միաժամանակ օգտվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ առաջիկայում կընդունվի միջոցառում բնակարանից զրկված քաղաքացիների համար։ «Այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորոինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն այնտեղ։ Սա է լինելու մեր ծրագրերի բովանդակային ուղղվածությունը»,- հավելեց Փաշինյանը։