Ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը. հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Նիկոլ Փաշինյան
Ամսաթիվ: 20:11:26 - Դիտում: 106
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախարարներին շնորհակալություն հայտնեց ներդրած ջանքերի համար, իսկ նոր նախարարներին հաջողություն մաղթեց։
«Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ, դա ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ մեզ հետ չեն ապրում այսօր, բայց այսօրվա մեր հրամայականը հետևյալն է՝ մենք պետք է ապրենք ծանր ժամանակներն ու հաղթահարենք այդ ծանրությունը», - ասաց նա։
Վարչապետը նշեց, թե իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։
«Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը», - ընդգծեց նա:
Փաշինյանի խոսքով՝ արտաքին ու ներքին կայունության ապահովումն ու իր հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն է։
Վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունն Արցախին աջակցող արդեն երկու միջոցառում է ընդունել։
«Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում են լինելու Սյունիքի ու Գեղարքունիքի՝ պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը», - ասաց նա։
Փաշինյանը առաջնահերթություն համարեց նաև անհետ կորածների որոնողական աշխատանքներն ու գերիների փոխանակումը։
«Պետք է ստեղծել բարեփոխումների հետագա շարունակական երաշխիք, ընդ որում, օրակարգը պետք է ընդլայնվի։ Պետք է տեղի ունենա կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման ու վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։ Մեր ամենակարևոր անելիքը ՀՀ քաղաքացիների՝ սեփական երկրի ու իրավիճակի տերը լինելու ու փաստի պահպանումն է ու այս հանգամանքի ինստիտուտցիոնալ հզորացումը», - ընդգծեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացին պետք է որոշի, թե ապագան ում հետ պետք է կառուցի։
«Մենք պետք է թույլ չտանք, որ ապագայի հավատը սպանվի», - ասաց Փաշինյանը։