Այս պահին մանդատը վայր դնելը և իշխանությունը թողնել-հեռանալը, հաշվի առնելով առկա խնդիրների քանակը, կրկնակի անպատասխանատվություն կլինի. Նազելի Բաղդասարյան

Ամսաթիվ: 20:11:25 - Դիտում: 103

Այս պահին մանդատը վայր դնելը և իշխանությունը թողնել-հեռանալը, հաշվի առնելով առկա խնդիրների քանակը, կրկնակի անպատասխանատվություն կլինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: «Այս փուլում քաղաքական բախումների վտանգ չեմ տեսնում, որովհետև որքան էլ կատարվածը բոլորիս համար ծանր լինի, այնուամենայնիվ, հասկանում եմ, որ կան այլ նպատակներ ու շահեր հետապնդողներ: Բնականաբար, օրվա իշխանությունը կրում է գործընթացների նկատմամբ ողջ պատասխանատվությունը»,- նշեց Բաղդասարյանը: Անդրադառնալով գերիների վերադարձի հարցին՝ պատգամավորը հավաստիացրեց, որ այս պահին էլ այդ ուղղությամբ գործընթացները շարունակվում են: «Նոյեմբերի 27-ին արդեն պետք է նշվի գերիների առաջին խմբի փոխանակման ժամկետը, 11 հոգու համար էլ տեղեկությունների սպասում ենք նոյեմբերի 30-ին: Նախօրեին որոշ գերիների փոխանակում եղել է, բայց ես այդ իրավասու մարմինը չեմ, որ թվեր հայտնեմ», -ասաց պատգամավորը: Անդրադառնալով հարցին, թե ինչու են արցախցիները տեղահանվում թշնամու ներկայությամբ, և ով է արցախցիների անվտանգությունը պաշտպանելու, Նազելի Բաղդասարյանը նշեց, որ նույնաբովանդակ հարցերով Արցախի նախագահին դիմել են նաև «Իմ քայլ»-ից: «Մեզ տվել են պարզաբանում: Քանի որ հարցի հասցեատերը ԱԺ պատգամավորը չէ, կդժվարանամ այդ հարցին պատասխանել: Խնդիրներ, այո՛, կան, մենք էլ ենք դրանք տեսնում և այդ մասին խոսում: Արցախի իշխանությունները ստանձնել են պատասխանատվություն: Որ պահին Արցախի իշխանությունները, ի դեմս կառավարության անդամների կամ պատգամավորների, որևէ խնդրով դիմում են հայաստանյան իշխանություններին, մենք շատ արագ կերպով արձագանքում ենք: Երկու օր առաջ զրույց ենք ունեցել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալի հետ, որի հավաստմամբ՝ բեռնատարները պատրաստ են, ընդամանը մեկ զանգ է պետք, որպեսզի ուղևորվեն Արցախ: Բայց որոշակի հարցերով Արցախի իշխանություններն են իրավիճակի տերը, և միայն մեզ դիմելու դեպքում ենք մենք արձագանքում, և ուղիղ միջամտություն այս պահին չենք կարող թույլ տալ»: