861 քաղաքացի սպասում են, որպեսզի ստանան covid-ով ցուցված բուժօգնություն․ Արսեն Թորոսյան

Ամսաթիվ: 20:11:09 - Դիտում: 32

Այսօրվա դրությամբ Հայաստանում կա covid-ով հիվանդ 861 քաղաքացի, որոնք սպասում են, որպեսզի ստանան covid-ով ցուցված բուժօգնություն։ Այս մասին Ազգային ժողովում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Բոլորս շատ լավ գիտենք, որ մենք ունենք ահագնացող մեծ թվեր։ Այսօրվա covid-ի թվերը՝ ունենք նոր 1042 դեպք՝ կատարված 2358 թեստից։ Եվ այսպիսով՝ գումարային մեր թվերը ստացվում է ընդհանուր հաստատված դեպքերը 107 466, ինչը շատ մեծ է թե բացարձակ թվով, թե հարաբերական»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ երեկ կորոնավիրուսից մահվան 21 դեպք է գրանցվել, մահերի ընդհանուր թիվը 1580 է։ «Գնահատականները, որոնք տրվում են իրավիճակի վերաբերյալ, նույնն են՝ առողջապահական համակարգը, այո, լինելով կոչված բուժելու կամ կանխարգելելու հիվանդությունները, իր գործը շարունակաբար անում է՝ տարբեր ժամանակ տարբեր ծավալով՝ կախված իրավիճակից։ Սակայն բազմիցս նշվել է, որ սա հանրային խնդիր է, այսինքն՝ մեր բոլորի խնդիրն է։ Եվ մենք բոլորս պետք է լծվենք խնդրի լուծմանը»,- նշեց Թորոսյանը։

Նա հավելեց, որ համակարգը, գերլարված ու գերմոբիլիզացված վիճակում աշխատելով, այնուամենայնիվ ռազմական գործողություններից տուժած քաղաքացիների, զինծառայողների մասով որևէ թերացում չունի։ Այսինքն՝ չկա գեթ մեկ զինծառայող կամ քաղաքացիական անձ, որն ունեցել է վիրավորում կամ այլ վնասվածք և չի ստացել պատշաճ բուժօգնություն։ «Այդ մասով մենք 100 տոկոսով ծածկում ենք դաշտը, ավելին, ունենք նաև ռեզերվներ՝ այլ զարգացումների համար, ինչը չի կարելի ասել covid-ի հետ կապված։ Համակարգը, լինելով մեկը, չնայած մոբոլիզացիային, միևնույն է, ունի սահմանափակ ռեսուրսներ։ Եվ չէր կարղ լինել այլ կերպ։ Չկա որևէ առողջապահական համակարգ, որն ունի անսահամափակ ռեսուրսներ։ Հետևաբար, ռեսուրսներն օգտագործվում են ըստ ցուցումների։ Որո՞նք են ցուցումները՝ ցուցումները դրանք պացիենտների առողջական վիճակն են՝ ծանրից դեպի ավելի թեթև։ Այսինքն՝ մեր խնդիրն է հնարավորինս ծանր կամ ծայրահեղ ծանր պացիենտներին հոսպիտալացնել և պատշաճ բուժօգնություն ցուցաբերել և ոչ ծանրերին, միջիններին ու թեթևներին փորձել բուժել տանը։ Այդ մասով տարբեր ժամանակներ ունեցել ենք տարբեր պատկեր։ Ես ուզում եմ հնչեցնել այսօրվա վիճակը։ Այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ մենք ունենք 861 քաղաքացի, որոնք սպասում ենք իրենց հերթին, որպեսզի ստանան covid-ով ցուցված բուժօգնություն։ Նրանց մի մասն, իհարկե, գտնվում են այլ բժշկական կենտրոններում և սպասում են տեղափոխման։ Բայց մեծ մասը գտնվում են տանը: Նրանցից 113-ի մոտ թթվածնի սատուրացիան արյան մեջ ցածր է 80-ից, ինչը ծայրահեղ ծանր վատ վիճակ է։ 271-ի մոտ թթվածնի սատուրացիան տատնվում է 81-90-ի շրջանակներում, որը կրկին ուղիղ ցուցում է հոսպիտալիզացիայի։ Նրանց վիճակը բնութագրվում է ծանր կամ ծանրին մոտ։ Եվ 101 քաղաքացի կա, որոնց սատուրացիան 91-ից բարձր է»,- նշեց նա։

Նախարարը հավելեց՝ տրիաժ կենտրոնը փորձում է այս հերթը հնարավորինս փոքրացնել։ Բայց, ցավոք սրտի, վերջին օրերին այն միայն աճում է, քանի որ աճում է նաև վարակված քաղաքացիների թիվը։