Անհրաժեշտ են հրատապ քայլեր. ժամանակն է ոչ թե ձևական կոչերով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել այս շարունակվող հումանիտար աղետը. ՀՀ ՄԻՊ

Ամսաթիվ: 20:10:09 - Դիտում: 72

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմում է համաշխարհային հանրությանը: «Անհրաժեշտ են հրատապ քայլեր: Ժամանակն է ոչ թե ձևական կոչերով կամ կոնֆերանսներում գեղեցիկ ելույթներով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել այս շարունակվող հումանիտար աղետը, զոհերն ու զանգվածային ավերածությունները:
Յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է:
Մի՛ կուրացրեք ձեզ:
Մի՛ փակեք ձեր աչքերը»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։