Նոր ձերբակալություններ և բախումներ Բելառուսում

Ամսաթիվ: 20:08:12 - Դիտում: 89

Երեքշաբթի երեկոյան Մինսկում և Բելառուսի մի շարք այլ քաղաքներում հարյուրավոր մարդիկ դարձյալ դուրս են եկել փողոց՝ օգոստոսի 9-ին կայացած վիճարկելի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու, հայտնում է Euronews-ը: Բողոքի ցույցերը երկրով մեկ շարունակվում են, չնայած իրավապահ մարմինների ճնշումներին, ինչի համար Եվրամիությունը նախազգուշացրել է՝ պատժամիջոցներ կկիրառվեն: Այս գիշեր նորից բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Վերջիններս կիրառել են խլացուցիչ նռնակներ և ռետինե փամփուշտներ ցուցարարներին ցրելու համար: Մինսկում ոստիկանները շարունակել են ձերբակալել մարդկանց՝ փորձելով ճնշել ցուցարարներին: Մի քանի լրագրողներ են վիրավորվել, իսկ ոմանք էլ բերման են ենթարկվել: Ոստիկանները առգրավել են նաև որոշ լուսանկարչական սարքերի հիշողության քարտեր այն պահին, երբ օպերատորները նկարահանում էին բախումները: Առգրավված քարտերից մեկը պատկանում է Associated Press գործակալությանը: Կիրակի օրը կայացած ընտրություններից հետո վերընտրված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրվում է ընտրության արդյունքները կեղծելու համար: Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ նա վերընտրվել է 6-րդ անգամ՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 80%-ը: Երեքշաբթի օրը Լուկաշենկոյի հիմնական մրցակից, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան մեկնել է Լիտվա՝ իր և երեխաների անվտանգության համար: Տիխանովսկայան ասել է, որ ինքնուրույն է հեռանալու որոշումը կայացրել՝ ավելացնելով, որ Բելառուսում ներկայիս իրավիճակը «ոչ մի մարդկային կյանք չարժե»: Երեքշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարը քննադատեց ցուցարարների դեմ կիրառվող բռնությունները՝ ընտրությունները որակելով ոչ ազատ և ոչ արդար: Հիշեցնենք, որ ցույցերը երկրում շարունակվել են երրորդ գիշերը: Նախորդ գիշերների ընթացքում վիրավորվել են տասնյակ մարդիկ: Ավելի քան 3000 մարդ ձերբակալվել է, 1000-ը՝ մայրաքաղաք Մինսկում: Ցուցարարներից մեկը մահացել է: Այս պահին հիվանդանոցներում կան շուրջ 200 տուժածներ: