Ռեկորդային թվով մարդիկ հրաժարվում են ԱՄՆ քաղաքացիությունից. CNN

Ամսաթիվ: 20:08:10 - Դիտում: 91

Ռեկորդային թվով մարդիկ հրաժարվում են ԱՄՆ քաղաքացիությունից, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով կիրակի օրը հրապարակված հետազոտության արդյունքները: Ըստ Bambridge Accountants-ի, որը զբաղվում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտագաղթողների, դերասանների և այլ ստեղծագործողների հարցերով, 2020 թ-ի առաջին վեց ամիսների ընթացքում ավելի քան 5.800 քաղաքացի հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից, մինչդեռ 2019 թ-ի ընթացքում նման քաղաքացիների թիվը կազմել է 2,072: Ըստ աղբյուրի՝ իրենք ուսումնասիրել են բոլոր քաղաքացիությունից հրաժարվողների տվյալները, որոնց անունները հրապարակվում են ԱՄՆ կառավարության կողմից երեք ամիսը մեկ: «Ցուցակում հիմնականում այն մարդիկ են, ովքեր արդեն հեռացել են ԱՄՆ-ից: Նրանք պարզապես որոշել են, որ իրենք արդեն հասցրել են ունենալ ամեն ինչ»,- CNN-ին ասել է Bambridge Accountants-ի գործընկեր Ալիստեյր Բեմբրիջը: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ վերաբերվում այն ամենին, ինչը կապված է Դոնալդ Թրամփի հետ, ինչ քայլեր են տարվում կորոնավիրուսային վարակի հարցում, և ինչպիսին է քաղաքական իրավիճակը ԱՄՆ-ում հիմա»,- ասել է Բեմբրիջը: Չնայած շատերը հրաժարվում են իրենց քաղաքացիությունից՝ դժգոհելով երկրի ներկայիս քաղաքական մթնոլորտից, ըստ Bambridge Accountants-ի՝ քաղաքացիությունից հրաժարվելու մեկ այլ պատճառ են հանդիսանում հարկերը: «Արտերկրում բնակվող ԱՄՆ քաղաքացիները պարտավոր են ամեն տարի հարկային հայտարարագրեր ներկայացնել, հաղորդել իրենց արտասահմանյան բանկերում ունեցած հաշիվների, ներդրումների և կենսաթոշակների մասին», – մանրամասնել է Բեմբրիջը: Այն ամերիկացիները, որոնք ցանկանում են հրաժարվել իրենց քաղաքացիությունից, պետք է վճարեն 2350 դոլար և անձամբ ներկայանան իրենց երկրում գործող ԱՄՆ դեսպանատուն, եթե իրենք ԱՄՆ-ում չեն գտնվում: Բեմբրիջը կարծում է, որ քաղաքացիությունից հրաժարվողների թիվը կշարունակի աճել: «Շատերը սպասում են նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին: Եթե նախագահ Թրամփը վերընտրվի, կարծում ենք՝ կլինեն նոր մարդիկ, որոնք կորոշեն հրաժարվել իրենց քաղաքացիությունից», – հավելել է նա: