ԱՄՆ-ում համավարակի սկզբից ի վեր անցկացվել է ավելի քան 55 մլն թեստավորում

Ամսաթիվ: 20:07:27 - Դիտում: 55

ԱՄՆ-ում համավարակի սկզբից ի վեր անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 55 մլն թեստավորում: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք զգալիորեն ավելի շատ թեստավորում ենք անցկացնում, քան աշխարհի ցանկացած երկիր, ավելի քան 55 մլն թեստավորում»,- նշել է նա:

Թրամփը հերթական անգամ քննադատել է CNN հեռուստաընկերությանը երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի, ինչպես նաեւ համավարակի դեմ պայքարին ուղղված վարչակազմի գործողությունների ոչ օբյեկտիվ լուսաբանման պատճառով: «Ստախոս CNN հեռուստաընկերությունն ասում է, որ մենք պետք է ավելի շատ թեստեր անցկացնենք: Բայց եթե անգամ մենք 100 անգամ ավելի շատ անեինք, նրանք կասեին, որ դա դեռեւս անբավարար է: Նրանք ամբողջությամբ վարկաբեկված են, ուղղակի ուզում են, որ քնկոտ Ջոն [նկատի է առնվում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը] հաղթի նոյեմբերին [նախագահական ընտրություններում]»,- հավելել է Թրամփը:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը գրանցվել է 2019 թվականի վերջին կենտրոնական Չինաստանում եւ տարածվել պետությունների մեծ մասում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին այն համավարակ էր ճանաչել: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 4,22 մլն դեպք, մահացել է գրեթե 147 հազար մարդ: