ՀԱՊԿ-ը Երևանին և Բաքվին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը սահմանին

Ամսաթիվ: 20:07:14 - Դիտում: 164

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության սրման կապակցությամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ Քարտուղարության հայտարարությունը, որը ՌԻԱ Նովոստիին փոխանցել է կազմակերպության մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ «ՀԱՊԿ Քարտուղարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ, որն առաջացել է հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների միջև զինված բախումից հետո, այդ թվում՝ ծանր տեխնիկայի կիրառմամբ, ինչի արդյունքում զոհեր և վիրավորներ կան»,- ասված է հայտարարությունում։ Կազմակերպությունը կողմերին կոչ է արել «անհապաղ դադարեցնել կրակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»։ «Ստեղծված իրադրությունը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարևան պետությունների սահմանին, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ է, և վկայում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված հրադադարի մասին համաձայնության խախտմանը»,- նշել են ՀԱՊԿ-ում։ Հիշեցնենք, որ նախօրեին հայտարարվել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ կազմակերպության Մշտական խորհրդի հրատապ նիստ հրավիրելու մասին, սակայն ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է։