ՄԻՊ-ը պատրաստում է երկրորդ միջանկյալ զեկույցը Տավուշի բնակավայրերի հրետանակոծությունների հարցով

Ամսաթիվ: 20:07:14 - Դիտում: 49

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անգլերենով պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Բերդ բնակավայրերի հրետանակոծությունների վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Հուլիսի 14-ին Բերդ քաղաքից խաղաղ բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ քաղաքը ենթարկվում է հրետանակոծության և ներկայացրել են մանրամասներ:
Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակչությանը:
Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ»,- գրել է Թաթոյանը։
Կատարված աշխատանքների մասին ՄԻՊ-ը լրացուցիչ կհայտնի: