Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինի․Ավինյան

Ամսաթիվ: 20:07:13 - Դիտում: 106

Մեծ են ակնկալիքները, որ Հայաստանում արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու. պետությունը ներկայում դիտարկում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված օրենսդրական փոփոխությունների հնարավորություն:Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձագելու հարցով ԱԺ հատուկ նիստում:
«Արդեն չորրորդ անգամ արտակարգ դրության երկարացումը բոլորիս համար պետք է ավելի մեծ զգոնության և լրջության ազդակ լինի, մեր հավաքական վարքագիծը լրացուցիչ անգամ գնահատելու և համարժեք եզրակացություններ անելու առիթ դառնա: Երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն: Ներկա դրությամբ համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ, սակայն նաև կառավարելի՝ առողջապահական սպասարկման տեսանկյունից: Միաժամանակ, առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի դեռևս հնարավոր չի լինի սահմանել և վերահսկել գործող սանիտարահամաճարակային և այլ կանոնների պահպանում: Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու: »,-ասաց Ավինյանը:
Կառավարությունը ներկայումս դիտարկում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված օրենսդրական փոփոխությունների հնարավորությունը՝ ներդնելով այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների արդյունավետ կազմակերպման նպատակով կիրառել այնպիսի գործիքներ՝ ներառյալ որոշ սահմանափակումներ և կանոններ, որոնք անհրաժեշտ և բավարար կլինեն վարակի տարածումը կանխարգելելու համար: Ավինյանը նկատեց, որ այդուահանդերձ, պետք է նաև հաշվի առնել, որ նույնիսկ այդ պարագայում հնարավոր չի լինելու արտակարգ դրության ժամանակ կիրառվող բոլոր գործիքների օգտագործումը ներկայիս ծավալով: Հետևապես հետագա կարգավորումների մասով ընտրությունը կրկին կախված է լինելու համավարակի զարգացման դինամիկայից: