Ford-ը ներկայացրել է ավտոմեքենաների ինքնավար կառավարման սեփական համակարգը

Ամսաթիվ: 20:06:20 - Դիտում: 84

Ford ընկերությունը ներկայացրել է ավտոմեքենաների Active Drive Assist ինքնավար կառավարման սեփական համակարգը: Արդեն հաջորդ տարի այն կտեղադրվի Mustang Mach-E էլեկտրական քրոսովերում: Աշխատելիս նորույթը վարորդին թույլ կտա տեւական ժամանակ ձեռքերը ղեկից հեռացնել, փոխանցում է Motor-ը:

Active Drive Assist համակարգը Co-Pilot 360 տեխնոլոգիական նախագծի տարրերից մեկն է, որը ամերիկյան ընկերությունը մշակում է Հյուսիսային Ամերիկայի ճանապարհներին վարորդների անվտանգության ապահովման համար: Նոր տեխնոլոգիան առաջինը կկարողանան փորձարկել Mustang Mach-E էլեկտրական քրոսովերների տերերը, որի դեբյուտը կկայանա հաջորդ տարի: Ավտոպիլոտ ստանալու համար հաճախորդները պետք է պատվիրեն էլեկտրական «Մուսթանգ»՝ Active 2.0 կարգավորումների փաթեթով, իսկ այնուհետեւ համակարգի աշխատանքի համար առանձին ձեռք բերեն ծրագրային ապահովում:

Ավտոպիլոտի նոր տեխնոլոգիայով հագեցած ավտոմեքենան կարող է ինքնավար տեղաշարժվել նախապես գծված երթուղով՝ օգտագործելով հատուկ արտաքին հաղորդիչնր եւ խցիկներ: Ford-ը ներկայումս իր համակարգի բազա է մտցրել 50 նահանգներում ավելի քան 160 հազար կմ ճանապարհ եւ կանադական ճանապարհների որոշ հատվածներ: Բայց առայժմ ավտոպիլոտն ընդգրկում է միայն խոշոր ավտոմայրուղիները:

Նոր տեխնոլոգիան նաեւ կնկատի, եթե վարորդը ճանապարհից շեղվի: Active Drive Assist-ի տարրերից մեկն է վարորդի կողմն ուղղված ինֆրակարմիր խցիկը: Երթեւեկության ժամանակ այն վերահսկում է նրա հայացքը եւ գլխի դիրքը: Ամերիկյան ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ համակարգը կաշխատի, եթե անգամ վարորդը արեւապաշտպան ակնոցով է կամ պաշտպանական դիմակով: