18 000 դոլար այն մարդուն, ով կհամաձայնի 2 ամիս պառկած մնալ մահճակալին. ՆԱՍԱ

Ամսաթիվ: 19:03:28 - Դիտում: 257



Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) և Գերմանիայի ավիացիայի և տիեզերագնացության կենտրոնի գիտնականներն առաջարկում են մարդկանց հանուն գիտության 60 օր պառկած մնալ, ինչի դիմաց ցանկացողներն ավելի քան 18 հազար դոլար կստանան:

Առաջին հայացքից թվում է՝ նման «աշխատանքի» մասին կարելի է միայն երազել, սակայն այն իրականում այդքան էլ հեշտ չէ:

Բանն այն է, որ կամավորներին ոչ միայն կարգելվի մահճակալից վեր կենալ, այլև անգամ գուխը բարձրացնել, իսկ ուտել, ցնցուղ ընդունել և բնական կարիքները հոգալ կարելի կլինի միայն պառկած վիճակում: Սակայն փոխարենը կամավորները ստիպված չեն լինի հոգալ որևէ բանի մասին. նրանց սննդի և մնացած պահանջների մասին հոգ կտանեն աշխատակիցները:

Հետազոտությանը մասնակցելու պահանջներն են՝ լինել 24-55 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ, առողջության հետ խնդիրներ չունենալ և չծխել: Մասնակիցների հասակը պետք է լինի 153-190 սանտիմետրի սահմաններում, իսկ մարմնի զանգվածի ինդեքսը՝ 19-30:

Ուսումնասիրության նպատակն է տիեզերագնացի վրա անկշռության ազդեցության նվազեցումը: Եթե մարդը երկար մնա որոշակի վիճակում, նրա մարմնում համապատասխան փոփոխություններ են կատարվում, այդ իսկ պատճառով ուսումնասիրության մասնակիցների մահճակալների սնարի թեքությունը 6° կլինի: Դա նշանակում է, որ կամավորները պետք է 2 ամիս պառկեն գլուխները դեպի ցած: