Մշտական ներկայություն լուսնի վրա

Ամսաթիվ: 19:03:28 - Դիտում: 289



Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) տնօրեն Ջեյմս Բրայդենսթայնը հայտարարել է ամերիկյան կառավարության՝ Լուսնի վրա ԱՄՆ-ի մշտական ներկայություն հաստատելու մտադրության մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ներկա պահին մեր գլխավոր առաջնահերթություններից մեկը Լուսին վերադառնալն է: Այս անգամ դա այնպես չենք անի, ինչպես «Ապոլլոն» գիտարշավի ժամանակ: Այս անգամ թռիչքը դեպի Լուսին կավարտվի արբանյակի վրա մշտական ներկայությամբ»,- ասել է Բրայդենսթայնը:

ՆԱՍԱ-ի տնօրենի խոսքով՝ դա չի ենթադրում Լուսնի վրա մարդկանց մշտական ներկայություն, այլ նշանակում է, որ այնտեղ ռոբոտներ, լուսնագնացներ կլինեն, ինչպես նաև մարդիկ շարունակաբար կուղևորվեն դեպի արբանյակի մակերևույթ, իսկ նրանց նպատակը գիտական ուսումնասիրություններով զբաղվելը կլինի:

«Լուսինը մեզ համար նաև մարզվելու փորձադաշտ է, քանի որ վերջիվերջո մենք կսովորենք ապրել և աշխատել այլ աշխարհում, այնուհետև՝ առավելագույնս օգտագործել դրա հնարավորությունները, որպեսզի դրանք վերստեղծենք դեպի Մարս ճանապարհորդությունների ժամանակ»,- ասել է ՆԱՍԱ-ի ղեկավարը:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ ամերիկյան տիեզերագնացներն առաջիկա 5 տարում կվերադառնան Լուսին:

Հիշեցնենք, որ ամերիկյան «Ապոլլոն 11» տիեզերանավի անձնակազմի անդամները Լուսնի մակերևույթին երբևէ առաջին վայրէջքը կատարել էին 1969թ.-ի հուլիսի 20-ին: