Աճուրդների ժամանակ վաճառված ամենաթանկարժեք ադամանդները. StyleMedia

Ամսաթիվ: 14:05:09 - Դիտում: 1103



Christie’s աճուրդի տունը 2013-ի մայիսի 15-ին Ժնևում թանկարժեք քարերի աճուրդ է կազմակերպել: Ադամանդների թագուհին է դարձել տանձի տեսք ունեցող խոշորագույն 101.73 կարատանոց ադամանդը: Յուրատեսակ ադամանդը, որի գույնը ԱՄՆ-ի Հեմոլոգիական ինստիտուտի փորձագետները գնահատել են «D» կարգի, իսկ կարգավիճակը՝ «անթերի», համարվում է աշխարհի ամենակատարյալ ադամանդներից մեկը, տեղեկացնում է Forbes-ը:

Այն առաջին անգամ է աճուրդի հանվել: Քարի ապագա տերը հնարավորություն կունենա անվանել այն իր անունով՝ այդպիսով հավերժացնելով իր անունը պատմության մեջ: Ադամանդի նախնական արժեքը, որը չէր հրապարակվել, մի քանի անգամ գերազանցվել է վաճառքի արդյունքում: Վաճառքի գինը կազմել է 25.8 մլն շվեյցարական ֆրանկ, որը համարժեք է 27.2 մլն ԱՄՆ դոլարին:



Forbes-ը ներկայացրել է ամենագեղեցիկ ու ամենաթանկարժեք 10 յուրօրինակ քարերի ցանկը:

1.«Graff Pink» վարդագույն ադամանդ-Աշխարհի ամենաթանկարժեք ադամանդների ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում «Graff Pink» վարդագույն ադամանդը, որը վաճառվել է 2010-ին Sotheby’s-ի կազմակերպած աճուրդի ժամանակ ռեկորդային 46 մլն դոլարով: Թանկարժեք քարը ձեռք է բերել հայտնի ոսկերիչ Լոուրենս Գրաֆը, ում պատվին էլ անվանվել է 24.78 կարատանոց ադամանդը:

2.«Փոքրիկ արքայազն»-Երկրորդ տեղում է «Փոքրիկ արքայազն» վարդագույն ադամանդը, որը 39.3 մլն դոլարով վաճառվել է Christie’s-ի կողմից Նյու Յորքում ամիս առաջ կազմակերպված աճուրդի ժամանակ: «Փոքրիկ արքայազնը» հայտնաբերվել է ավելի քան 300 տարի առաջ Հնդկաստանի ադամանդի հանքերում:

3.«Երկնագույն Վիտելսբախ»-Այս յուրօրինակ երկնագույն ադամանդն իր պատմության ընթացքում ստացել է տարբեր անուններ՝ «Բավարիայի արքաների հասակակից», «Ադամանդ Վիտելսբախների թագից»: Շատերի համար անսպասելի կերպով այն Christie’s-ի կողմից նույնպես աճուրդի հանվեց 2008-ին, և այն 24.3 մլն դոլարով ձեռք բերեց Լոուրենս Գրաֆը:

4.«Perfect Pink» վարդագույն ադամանդ-Վարդագույն ադամանդները համարվում են աշխարհում ամենահազվադեպ պատահող ադամանդի տեսակներից, ինչի համար էլ դրանք միշտ բարձր են գնահատվում: «Perfect Pink»-ը վաճառվել է 23 մլն դոլարով 2010-ին Christie’s-ի կողմից Հոնգկոնգում կազմակերպված աճուրդի ժամանակ:

5.«Էրցհերցոգ Իոսիֆ»-«Էրցհերցոգ Իոսիֆ» ադամանդը վաճառվել է 21.48 մլն դոլարով 2010 թվականին տեղի ունեցած աճուրդի ժամանակ: Christie’s-ի կողմից կազմակերպված աճուրդին այն համարվել էր չորրորդը ադամանդների շարքում:

6.«Մարսիական վարդագույն»-«Մարսիական վարդագույնը» աշխարհի ամենամեծ վարդագույն ադամանդներից է, որը 2012-ին ներկայացվել է Հոնկոնգի աճուրդին: 12 կարատանոց հազվագյուտ քարը վաճառվել է 17.4 մլն դոլարով, սակայն կազմակերպիչներն այն մտադիր էին վաճառել 8-12 մլն դոլարով: Այս հազվագյուտ քարի նոր տիրոջ անունը չի հրապարակվել:

7.«Քլոեյի» ադամանդ-Այս ադամանդը 2007-ին ձեռք էր բերել Guess ընկերության հիմնադիր Ջորջ Մարչիանոն՝ այն իր աղջկան նվիրելու համար: 84.37 կարատանոց ադամանդը, որը մինչ այդ անանուն էր, անվանվեց Մարչիանոյի դստեր պատվին՝ «Քլոե»:

8.«Արևի կաթիլ»-110 կարատանոց «երիտասարդ» ադամանդն իր անվանումը ստացել է իր դեղին գույնի շնորհիվ: «Արևի կաթիլը» 2011-ին վաճառվել է 12.4 մլն դոլարով Sotheby’s-ի կազմակերպած աճուրդի ժամանակ:

9.«Անենբերգ»-Քառակուսաձև զմրուխտներով «Անենբերգ» ադամանդը, որը կշռում է 31 կարատ, դարձավ 2009-ին կազմակերպված աճուրդի ամենացանկալի քարը: Այն վաճառվել է 7.7 մլն դոլարով՝ 3-5մլն դոլարով գերազանցելով նախնական գնահատված արժեքը:

10.«Երեկոյան աստղ»-Այս ադամանդը 5 մլն դոլարով վաճառվել է 2009-ին Christie’s-ի կողմից կազմակերպված հատուկ աճուրդի ժամանակ: «Երեկոյան աստղ» պոետիկ անվանումը կրող 39 կարատանոց այս ադամանդը համարվում էր աճուրդի ամենաթանկարժեք քարը: