Քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ զինծառայողների իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է. Արման Թաթոյան

Ամսաթիվ: 19:03:27 - Դիտում: 145




«Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը լավ հարթակ էր շահագրգիռ պետական մարմինների միջև քննարկումներ նախաձեռնելու և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փորձին ծանոթանալու հարցում: Այս մասին «Մարդու իրավունքները և զինված ուժերը» թեմայով համաժողովի ժամանակ նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա շեշտել է, որ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթություններից է:

«Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնում ենք 3 ուղղությամբ. մինչև զինվորական ծառայության անցնելը զինապարտների իրավունքների պաշտպանություն, զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանություն, զինվորական ծառայության ավարտից հետո նախկին զինծառայողների իրավունքների պաշտպանություն:
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանը տեղեկացրել է նաև զինծառայողների իրավունքների հարցով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե ներկայացվող հատուկ դիրքորոշումների իր պրակտիկայի մասին: