Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է անցկացրել

Ամսաթիվ: 19:03:21 - Դիտում: 305




ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում առաջիկա համապետական մաքրության օրվան ընդառաջ այսօր անցկացվել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը վարել է ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։

Փոխնախարար Տերտերյանը գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հստակեցրել է համապետական մաքրության օրը աղբահավաքման ենթակա տարածքների ճշտգրիտ նկարագրությունը, գոտիավորումն ու դրանց սխեմաները և ընդգծել, որ շաբաթօրյակի արդյունավետ անցկացման համար չափազանց կարևոր է հանրապետական գործադիր մարմինների, մարզային կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների ներդաշնակեցումն ու աշխատանքերի համակարգված կազմակերպումը։

Վաչե Տերտերյանը նաև հայտնել է, որ, ըստ տարբեր գերատսչություններից ստացված տեղեկությունների, հանրապետության ողջ տարածքում կազմակերպվող բնապահպանական այս միջոցառմանը ակնկալվում է պետական և հանրային ոլորտի, քաղաքացիական հասարակության աննախադեպ ներգրավվածություն։

Ավարտին փոխնախարարը գործընկերներին խնդրել է անձնական ներգրավվածությամբ և ակտիվ աշխատանքով նպաստել գաղափարի տարածմանն ու քաղաքացիական գիտակցության մեջ մաքուր միջավայր ունենալու մշակույթի արմատավորմանը։