Հայաստանը կմասնակցի 5 գրքի միջազգային փառատոնի

Ամսաթիվ: 19:03:19 - Դիտում: 108





Մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



Այս տարի Հայաստանը կմասնակցի 5 գրքի միջազգային փառատոնի

Մշակույթի նախարարությունն այս տարի նախատեսում է պաշտոնական տաղավարով մասնակցել գրքի միջազգային ցուցահանդեսների Լայպցիգում, Բոլոնիայում, Թեհրանում, Մոսկվայում և Ֆրանկֆուրտում։

Միջազգային ցուցահանդեսներին մասնակցելով՝ Մշակույթի նախարարությունը ներկայանալու հարթակ է ստեղծում տեղական հրատարկիչների համար, ներկայացնում է Հայաստանի գրահրատարակչական արտադրանքը և «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը, որով նախարարությունն աջակցում է արտասահմանյան հրատարակիչներին, որոնք պատրաստ են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն:

Մարտի 20-25-ը տեղի է ունենալու Լայպցիգի 17-րդ գրքի միջազգային ցուցահանդեսը, որը Եվրոպայի ամենամեծ տոնավաճառներից է: Լայպցիգի գրքի ամենամյա միջազգային ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 2500 հրատարակիչ, 3200 լրագրող: Ցուցահանդեսն ուենում է 260000-ից ավելի այցելու: Ցուցահանդեսի օրերին տեղի է ուննալու մոտ 3600 միջոցառում։

Գերմանիայում Հայաստանի դեսպանության, «Գյոթե կենտրոնի» և «Անտարես» հրատարակչության հետ համագործակցությամբ՝ հայկական տաղավարը Լայպցիգում իրականացնելու է չորս միջոցառում։ Այդ թվում՝ Թորսթեն Ֆլայգի «Հայաստան. ճանաչողական ճամփորդություն խաչքարերի երկրում», Զառա Սաֆարյանի «Die Essbare Lust» (հայկական խոհարարական գիրք) գրքերի շնորհանդեսները, ինչպես նաև՝ քննարկում և ընթերցանություն «Ժամանակակից կյանքը և գրականության անզգույշ ազդեցությունը» և «Գրականություն և իրականություն. Թավշյա հեղափոխությունը գրողական փորձընկալմամբ» թեմաներով (բանախոսներ՝ Արամ Պաչյան, Գրիգ, Հովհաննես Երանյան)։

Տոնավաճառի ընթացքում եվրոպացի ընթերցողը կծանոթանա վերջին տարիների հայաստանյան գրահրատարակչության նորույթներին, կկազմակերպվեն հանդիպումներ եվրոպացի գրողների ու նրանց գործակալների հետ, կանցկացվեն կլոր սեղաններ, քննարկումներ և շնորհանդեսներ: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն կընձեռի հայ հրատարակիչներին ձեռք բերել օտարերկրյա հեղինակներին Հայաստանում հայերեն հրատարակելու թույլտվություններ, ինչպես նաև վաճառել հայ ժամանակակից գրողների թարգմանության և հրատարակության իրավունքները: Այն կարևոր հնարավորություն է ՀՀ մշակույթի նախարարության համար՝ ներկայացնելու օտար լեզուներով հրատարակված հայ գրականությունը, կապեր հաստատելու օտարերկյա հրատարակչությունների, գրական գործակալների հետ: