Ա. Միրզոյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրենի հետ քննարկել է համագործակցությունը տարբեր ոլորտներում

Ամսաթիվ: 19:03:15 - Դիտում: 122





ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, որոնք մեծ դեր ունեն Հայաստանի զարգացման գործում: Օրենսդիր մարմնի ղեկավարը մասնավորապես ընդգծել է ընտրությունների կազմակերպման գործընթացում ցուցաբերված օժանդակությունը, հետագա համագործակցության համատեքստում կարևորել ԱԺ ծրագրերին ուղղված փոխգործակցությունը:

Արարատ Միրզոյանն առաջնահերթ է համարել խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողություների զարգացումը` այդ թվում փորձագիտական և աշխատակազմի ունակությունների բարելավումը: ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական վերահսկողության կարևորությունը՝ օգտակար համարելով միջազգային փորձի ուսումնասիրումը:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության օրակարգը՝ մասնավորապես ընդգծելով իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունը:

Միրյանա Շպոլյարիչ Էգգերը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանում կայացած ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների և ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա ողջունել է մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները, անդրադարձել ՄԱԶԾ-ի և Հայաստանի խորհրդարանի համագործակցությանը, դիտարկել հիմնական առաջնահերթությունները՝ ուղղված երկրում իրականացվող գործընթացներին ու զարգացման ծրագրերին:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը տարբեր ուղղություններով: