Արսեն Թորոսյանի ելույթը ՄԱԿ-ում

Ամսաթիվ: 19:03:15 - Դիտում: 139





Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի ժամանակ ներկայացնում է Հայաստանում թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում իրականացվող քաղաքականությունը, միջոլորտային և միջազգային համագործակցության ընթացքն ու վերջինիս արդյունքները:

Հատված ելույթից.

«Մեծարգո Նախագահ,

Երեկ այս դահլիճում միահամուռ հաստատվեց «Թմրամիջոցների համաշխարհային խնդրին դիմակայելու և հակազդելու մեր համատեղ պարտավորությունների կատարման իրականացումն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում գործողությունների ամրապնդման մասին» նախարարական հռչակագիրը, որն այլևս պահեստային փաստաթուղթ չէ: Ավելին, անհրաժեշտություն կա ձեռնարկելու քայլեր` փրկելու միլիոնավոր կյանքեր. երիտասարդ կյանքեր. մեր երեխաների կյանքը, մեր ապագան:

Խորապես համոզված ենք, որ թմրամիջոցներից զերծ աշխարհի մեր ընդհանուր նպատակը կարող է իրականանալ միայն իրազեկության բարձրացման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մակարդակներում համագործակցության ջանքերի ուժեղացման միջոցով: Այս առումով, համընդհանուր Կայուն զարգացման նպատակների համար 2030 օրակարգի խթանումը և Կայուն զարգացման նպատակների պատշաճ իրականացումը առանձնահատուկ նշանակություն ունի:

Հայաստանը կայուն զարգացման նպատակների իրականացման խթանումը համարում է առաջնային կարևոր գործիք, ապահովելով ներգրավված ներքին բարեփոխումների իրականացումը, որը հիմնված է ոչ խտրական մոտեցման վրա` «Չանտեսել ոչ մեկին» կարգախոսի շրջանակում:

Մեզ համար համար գերակայություն է թմրամիջոցների խնդիրների շուրջ բազմակողմանի, հավասարակշռված և գիտական ապացույցների վրա հիմնված մոտեցումը:

Նախորդ տարի մեր երկրում գրանցվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների բռնագրավման ավելի քան 7 անգամ բարձր ցուցանիշ՝ 2016 թվականի համեմատ: Սա ակնհայտ վկայությունն է այն բանի, որ Հայաստանը չի կարող զերծ մնալ թմրամիջոցների և նոր հոգեմետ նյութերի օգտագործման ավելացման համաշխարհային միտումներից: Այս հանգամանքը լրացուցիչ խթան է իշխանություններին` թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մատակարարման և պահանջարկի կրճատմանն ուղղված ծրագրեր սկսելու առումով»: