Մյուս շաբաթվա մեջ այդ լուծումը բերե՛ք, հիմա հանում ենք օրակարգից, լուծումներով եկե՛ք, սենց չի կարելի. վարչապետը` գյուխնախարարության ԾԻԳ-ը ՓԲԸ-ով փոխելու ծրագրի մասին

Ամսաթիվ: 19:03:14 - Դիտում: 69






Այսօր կառավարության նիստում թեժ քննարկում ընթացավ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ հիմնադրելու մասին» հարցի քննարկման ժամանակ:

Հիմնական զեկույցով հանդես եկավ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ծրագրի իրականացման գրասենյակ փակելը և փոխարենը ՓԲԸ ստեղծելը, բացի անվանական փոփոխությունից, բովանդակային փոփոխություն չի իրականացնում: «Այսինքն՝ կազմակերպաիրավական տեսակն է փոխվում, մենք կարծում ենք՝ պետք է ձեռնպահ մնանք այդ կազմակերպությունը ստեղծելուց»,- ասաց նա:

Վարչապետն էլ Գևորգյանից հետաքրքրվեց՝ ինչու են այդ ճանապարհով գնում:

Վերջինս նշեց, որ Ջանջուղազյանի ասածը շփոթմունք է առաջացնում, և դա այդքան էլ այդպես չէ: Նա ասաց, որ ԾԻԳ-ը բաղկացած է երկու մասից: «Մենք ԾԻԳ-ը չենք լուծարում, ստեղծում ՓԲԸ: Կան գործառույթներ, որոնց մի մասը, որը չի կարող իրականացնել նախարարությունը, դրա համար էլ ստեղծում ենք այդ ՓԲԸ-ն»,- ասաց Գևորգյանը և հավելեց, որ նմանատիպ կառույց կա նաև Էներգետիկայի նախարարության կազմում:

Վարչապետը հետաքրքրվեց՝ ինչու չի կարող այդ ՓԲԸ-ի գործառույթներն իրականացնել նախարարությունը կամ կառավարության այլ մարմին:

Նախարարի պաշտոնակատարն էլ ասաց, որ պետք է գնահատել՝ արդյոք կարող է կառավարությունն այդ պորտֆելը ղեկավարել: «Արդյոք կարող ենք այդ գումարը բյուջե չտանել, այլ տեղաբաշխել, որովհետև վարկի պայմաններից մեկն այն է, որ մենք կոնկրետ պետք է գումար ներդնենք ծրագրի շրջանակներում»,- ասաց նա:

Վարչապետն էլ հստակեցրեց. «Ստացվում է` այդ մարմինը որևէ դոնորից որպես պետական մարմին վերցնում է գումար, մշակում է ծրագիր, այդ գումարը բովանդակության հետ տալիս է բանկերին, այդ չափանիշներին համապատասխանող գյուղացիներին է տալիս գումարը: Պետական մարմինն էլ կարող է ստուգել՝ չափանիշներին համապատասխանում է այդ գյուղացին, թե ոչ, հետո տրամադրում է գումարը, որը ծախսելուց հետո գումարը փակում է բանկին: Այդ դեպքում, ինչի համար է պետք այդ մարմինը»:

Նախարարի պաշտոնակատարն էլ նշեց, որ բանկը գումարը փակում է այդ մարմնին, մարմինը սպասարկում է այդ ենթավարկը:

Վարչապետն էլ ասաց, որ ստացվում է, թե տարբեր վարկերը փակելու համար տարբեր մարմիններ ենք ստեղծում:

Ի վերջո, վարչապետը նշեց, որ պետք է փոփոխության ենթարկվի նախագիծը: «Արա՛գ արեք, մյուս շաբաթվա մեջ էդ լուծումը բերե՛ք, հիմա հանում ենք օրակարգից, լուծումներով եկե՛ք, սենց չի կարելի»,- ասաց վարչապետը:

Ամալյա Առաքելյան