Ամբողջ աշխարհում ավելի քան 200 ընկերություն անցած երկու տարվա ընթացքում իրանցի հաքերների գրոհի զոհ է դարձել. Microsoft

Ամսաթիվ: 19:03:07 - Դիտում: 122





Ամբողջ աշխարհում ավելի քան 200 ընկերություն անցած երկու տարվա ընթացքում ենթադրաբար Իրանի կառավարության հետ կապ ունեցող հաքերների խմբի գրոհի զոհ է դարձել:

Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, այս մասին նշվում է Microsoft ընկերության՝ նախօրեին հրապարակված ուսումնասիրությունում:

Նշվում է, որ կիբեռհանցագործների գործողություններից հիմնականում տուժել են նավթագազային ընկերությունները, մեքենաշինական ձեռնարկությունները, ինչպես նաև Գերմանիայում, Սաուդյան Արաբիայում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում միջազգային բիզնեսով զբաղվող կոնցեռնները:

Microsoft-ի տվյալներով՝ հաքերների գործողությունների հետևանքով տուժած ընկերություններն ընդհանուր կրել են մի քանի հարյուր միլիոն դոլարի վնաս:

Ըստ մասնագետների՝ հարձակումների հետևում կանգնած է Holmium հաքերային խմբավորումը, որը կապ ունի Իրանի կառավարության հետ: Հատկանշական է, որ Holmium-ի կարգադրությամբ հաքերային հարձակումներ է կատարել նաև APT33 խմբավորումը:

Անվտանգության ոլորտի որոշ փորձագետների կարծիքով՝ Թեհրանն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցային ճնշման ֆոնին ներկայում ձգտում է ավելացնել կիբեռհարձակումների համար ներուժը: