Բացում ենք փակագծերը․․․․

Ամսաթիվ: 19:03:02 - Դիտում: 240




Արդյո՞ք մարդիկ ասում են այն, ինչ իրոք մտածում են, արդյո՞ք նրանք այնքան անկեղծ են, որքան դու լսում ես։ Քեզ ենք ներկայացնում մարդու մարմնի շարժումների լեզվին նվիրված նյութ, որը հիմնված է ինչպես ավստրալացի գրող Ալան Փիզի և հոգեբան Փոլ Էկմանի, այնպես էլ այլ հեղինակավոր հոգեբանների աշխատությունների վրա։
Հետևելով հրապարակումներին՝ դու կսովորես ժեստեր ու միմիկաներ, որոնց օգնությամբ կկարողանաս դիմացինին քեզ տրամադրել, այնպես անել, որ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, կկարողանաս այնպես անել, որ դիմացինը լսի քեզ և որ ամենահետաքրքիրն է, ի վերջո դու կսովորես տարբերել սուտը ճշմարտությունից՝ հասկանալով, թե երբ է զրուցակիցը ստում և երբ ասում ճշմարտությունը։

Եթե դու ցանկանում ես ունենալ այս հմտությունները, ուրեմն շարունակի՛ր ընթերցանությունը, եթե ոչ, ապա պետք չէ անհիմն ժամանակ ծախսել թեկուզ քիչ, բայց մարդկանց մտքերը կարդալ սովորելու ունակություն ձեռք բերելու վրա։

Մարմնի շարժումների լեզուն մարդու զգայությունների արտացոլումն է։ Օրինակ, երբ մարդը վախենում կամ իրեն անհարմար է զգում, սովորաբար խաչում է ձեռքերը կրծքավանդակին՝ ընդունելով պաշտպանական դիրք։ Տվյալ պահին մարդու էմոցիոնալ վիճակը հասկանալու և մաքսիմալ ճիշտ եզրակացություն անելու համար ամենակարևոր հանգամանքներից մեկը խոսակցության թեման, միջավայրն ու իրավիճակը հաշվի առնելն է։

Մարդու ընդունած դիրքի և մարմնի շարժումների մասին բարձր ճշգրտությամբ եզրակացություն կատարելու համար կարելի է առանձնացնել երեք հիմնական կանոններ․
Առաջին՝ մի՛ հիմնվիր միայն մեկ ժեստի վրա, այլ բոլոր հնարավոր փաստերն ամբողջացրու՝ հետևություն անելուց առաջ,
Երկրորդ՝ փորձի՛ր հասկանալ իրավիճակը․ օրինակ՝ դրսում քամի է ու ցուրտ, քո դիմաց ինչ-որ մեկն է, ով ձեռքերը խաչել է կրծքավանդակին, պետք չէ շտապել եզրակացություն անել ժեստի բնութագրի հիման վրա, այլ, պարզապես հաշվի առնելով իրավիճակը, կարելի է նկատել, որ անձն ուղղակի մրսում է,
Երրորդ՝ եթե ամեն դեպքում դու կարողացել ես պարզել զրուցակցի մտքերը, հասկացել ես, որ նա քեզ ստում է և այլն, մի՛ շտապիր պատմել նրան այդ մասին, այլ հետևությունները քո մեջ արա։
Բնության մեջ բոլոր մարդիկ տարբեր են, և նրանց ժեստերը՝ նույնպես։ Այդ պատճառով էլ չկան հստակ ժեստեր, որոնք կվերաբերեն բացառապես բոլորին նույն մեկնաբանությամբ։ Օրինակ երբ դու Հայաստանում գլխով համաձայնության ժեստ ես անում՝ գլուխդ հետ ու առաջ տանելով, նույն ժեստը Ճապոնիայում համարում են անհամաձայնության ժեստ։
Մարդու մարմնի առանձին հատվածներ կառավարվում են ուղեղի առանձին կիսագնդերի կողմից։ Ուղեղի ձախ կիսագունդը պատասխանատու է մտավոր գործունեության համար, ինչպիսին օրինակ խոսքն է, իսկ աջը պատասխանատու է այն ամենի համար, ինչ դու զգում ես։
Ենթագիտակցությունը կառավարելը բավականին դժվար առաջադրանք է։ Մեր մարմինը հակված է ճշմարտությանը, ինչքան էլ մենք դա չուզենանք ։ Եվ սուտ խոսելն իրենից մեծ դժվարություն է ներկայացնում․ այն պահանջում է ինքնատիրապետում, լարվածություն և մեծ ուշադրություն։ Հոգեբանները հավատացնում են, որ մարդը մեկ օրում մոտավորապես 200 անգամ սուտ է խոսում, բայց և պետք է նաև հաշվի առնել մարդու՝ հաղորդակցման մեջ եղած ժամանակահատվածը․․․․

Եվ կարևոր չէ, թե ինչ ասել, կարևոր է՝ ինչպես ասել․․․․

Հեղինակ՝ Արթուր Ենգոյան
Խմբագիր՝ Լուսինե Դանուխյան