Հայաստանի հավաքականն առանց Յուրա Մովսիսյանի՞․ 12 օր հայ հարձակվողի համար

Ամսաթիվ: 19:02:16 - Դիտում: 143



Մոտ մեկ ամսից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսվի 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Մարտի 23-ին մեր ազգայի թիմը կհյուրընկալվի Բոսնիա և Հերցեգովինային, իսկ երեք օր անց Երևանում կմրցի Ֆինլանդիայի հետ: Կարևոր մրցաշարից առաջ Հայաստանի հավաքականում խնդիրներ կարելի է մատնանշել խաղային բոլոր օղակներում: Երկրպագուներին սակայն ամենից շատ անհանգստացնում է դարպասապահի և կենտրոնական հարձակվողի հարցը: Ցավով պետք է արձանագրենք, որ Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո այդպես էլ չհաջողվեց գտնել հուսալի դարպասապահի, որը կայուն հանդիպումներ կանցկացներ:

Ինչ վերաբերվում է, կենտրոնական հարձակվողի, կամ ինչպես ընդունված է ասել գոլ խփողի խնդրին ապա Եվրո-2020-ին ընդառաջ ևս ունենք բավական տխուր պատկեր: Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի հավաքականում 5 գոլի հեղինակ դարձավ, Յուրա Մովսիսյանը: Երեք տարի ազգային թիմում չխաղալով այս հարձակվողը ապացուցեց, որ շարունակում է լինել առանցքային ֆիգուր մեզ համար: 2018-ի վերջին հույս ունեինք, որ Մովսիսյանը կբարելավի մարզավիճակը, և Եվրոպայի առաջնության ընտրական փուլում էլ ավելի հաջող կխաղա, բայց․․․: Նախորդ տարվա նոյեմբերի վերջին Մովսիսյանը ևս 6 ֆուտբոլիստների հետ հեռացավ ՄԼՍ-ում հանդես եկող «Չիկագո Ֆայեր» թիմից և մինչ օրս այլ ակումբ չի տեղափոխվել: Մեկ ամիս առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Մովսիսյանը դիտարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում խաղալու տարբերակը: Մասնավորապես նշվում էր, որ Մովսիսյանի ծառայությունով հետաքրքրված են մի քանի հայկական թիմեր: Նշենք, որ ՈւԵՖԱ-ի 52 երկրներից 31-ում ձմեռային տրանսֆերային պատուհանն արդեն փակվել է: Հայաստանում տրանսֆերային պատուհանը կփակվի փետրվարի 28-ին: Նշենք, որ այս պահին տեղեկություն չկա Մովսիսյանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ: Հետևաբար ամենահավանականը կարծես թե մեր առաջատար հարձակվողի հայկական թիմում խաղալու տարբերակն է:

Հայաստան տեղափոխվելու համար Մովսիսյանն ունի 12 օր: Միևնույն ժամանակ նշենք, որ եթե նույնիսկ մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը մեր հավաքականի հարձակման առաջատարը թիմ գտնի, քիչ հավանական կլինի, որ նա կկարողանա մասնակցել Բոսնիայի և Ֆինլանդիայի հետ հանդիպումներին: Մասնավորապես, արդեն 3 ամիս է Մովսիսյանի որևէ թիմում չի մարզվում և նա թե մարզավիճակի և թե ֆունկցիոնալ պատրաստվածության լուրջ խնդիրներ ունի: Նման դադարից հետո ֆուտբոլիստին գոնե երկու ամիս ժամանակ է հարկավոր ֆիզիկական վիճակը բարելավելու, և քիչ թե շատ նորմալ մարզավիճակ ձեռք բերելու համար:

Ամեն դեպքում պետք է ընդունենք, որ նույնիսկ Հայաստանի առաջնությունում խաղալով՝ Մովսիսյանը առաջիկա ընտրական շրջափուլում կարող է օգնել մեր ազգային թիմին, որը ծանր ժամանակաշրջանում է: Հետևաբար Հայաստան վերադառնալու պարագայում էլ պետք է ողջունել այս ֆուտբոլիստի որոշումը և հույս հայտնել, որ նրա կարիերայում այնուամենայնիվ դրական տեղաշարժեր կլինեն: Մովսիսյանի կարիերայի վրա ծանր ազդեցություն թողեց անցյալ տարի շվեդական «Յուրգորդենի» կազմում ստացած վնասվածքը: Մեր ֆուտբոլիստը փորձում էր իր տեղը գտնել Եվրոպական առաջնությունում, բայց… Մոտ 5 ամիս չխաղալուց հետո նա այդպես էլ չկարողացավ ամրապնդվել «Չիկագո Ֆայերի» կազմում:Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հարցազրույցներից մեկում նշել էր, որ ամեն ինչ պետք է արվի Մովսիսյանի համար եվրոպական որևէ ակումբ գտնելու համար: Գյուլբուդաղյանցը բազմիցս է նշել, որ Մովսիսյանը մեր հավաքականի համար անչափ կարևոր ֆիգուր է, առանց որի առաջիկա ընտրական շրջափուլում բավական դժվար կլինի:

Այս պահին հարձակման գծում մեր գլխավոր հույսը թերևս Լյուքսեմբուրգի «Պրոգրես» թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն է, որը մեր հավաքականի վերջին երկու հանդիպումներում փոխարինման դուրս գալով երկու գոլի հեղինակ էր դարձել: