Բյուջեն գրում են ոչ թե փորձագետների, այլ քաղաքացիների համար․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Ամսաթիվ: 19:02:12 - Դիտում: 233



ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը չգիտի, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ կապված նակին ակտիվիստ ներկայիս պաշտոնյաների հետ, ում էր ուղղված։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, թե վարչապետը մանրամասն նկարագրեց, թե ինչ տիպի պաշտոնյաների նկատի ունի։

«Սկզբնական փուլում ես էլ նկատում էի, հիմա՝ ոչ»,- ասաց նա։

Վերջինս անդրադարձավ նաև կառավարության ծրագրին։ Լրագրողները հիշեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ կառավարության ծրագրի քննարկմանը միշտ կարկանդակի հետ կապված անեկդոտ էր հիշում։ Հարությունյանը հիշեց ներկայիս վարչապետի համեմատությունները, բայց շեշտեց, որ իրենց ու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրերը համեմատելի չեն։

«Երբ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի մասին էին խոսում, խոսում էին միանգամայն այլ իրավիճակի, այլ ռեժիմի մասին։ Կարծում եմ, որ այս ծրագիրը շեշտակի տարբերվում է մյուսներից՝ հենց միայն կրթության ոլորտ, մշակույթի փոփոխությունները համեմատելով։ Հիշո՞ւմ եք, որ «Իմ քայլը» դաշինքի ծրագրում գրված է, որ մեր հիմնական առաջնահերթությունները լինելու են կրթությունը, առողջապահությունն ու ենթակառուցվածքները, և այս ծրագիրն էլ, ըստ էության, հիմնված է նախընտրական ծրագրի վրա»,- նշեց Հարությունյանը։

Նախարարը պարզաբանեց, թե ինչու էին ընդդիմադիր ժամանակ քննադատում ՀՀԿ-ին կառավարության ծրագրի մեջ թվերի պակասի համար։ «Որովհետև նախկին գործող ռեժիմի պայմաններում դա լրացուցիչ լծակ էր ընդդիմության համար՝ ճնշում գործադրելու կառավարության վրա, որովհետև կոնկրետ թվի համար կարող էիր լրացուցիչ պատասխան պահանջել ու ավելի շատ սրա վրա շեշտադրվել։ Հիմա, երբ մենք ունենք ազատ, արդար ընտրություններ, այն, ինչ որ գրված է կառավարության ծրագրում, եթե չի իրագործվի, քաղաքացին այս պահին ազատ ընտրելու հնարավորություն ունի, ինքն իր համար գնահատական կտա ու կորոշի՝ տալ այս կառավարությանը հավանության քվե, թե ոչ»,- ասաց նա։

Նախարարի գնահատմամբ՝ կարևոր չէ, որ կառավարության ծրագրի մեջ լինեն շատ թվեր, որովհետև ծրագիրն ընդունելուց անմիջապես հետո ընդունվում է գործողության ծրագիր ու տարեկան ծրագիր, որտեղ արդեն յուրաքանչյուր տարվա համար կան շատ կոնկրետ ցուցանիշներ։

«Բյուջեն չեն գրում փորձագետների համար, գրում են քաղաքացիների համար։ Այս կառավարությունն ունի այնքան քվե, որ հինգ տարում կիրականացնի իր ծրագիրն, ու ժողովուրդը կգնահատի այն», - եզրափակեց Արայիկ Հարությունյանը։