Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն. Էրիկ Գրիգորյան

Ամսաթիվ: 19:02:09 - Դիտում: 89


Ծրագրում նշված յուրաքանչյուր կետի համար կան մշակված հստակ և չափելի գործողություններ, որոնք կներկայացվեն կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերով և գերակա խնդիրներով։

Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն) գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Շրջակա միջավայրի կառավարման քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանը, բարելավմանը, վերականգնմանը և ողջամիտ օգտագործմանը՝ հավասարակշռելով այն սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հետ:
Շրջակա միջավայրի կառավարման հիմնական խնդիրն է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի՝ օդի, կլիմայի, ջրի, հողերի, բուսական և կենդանական աշխարհի վրա վնասակար ազդեցությունները, բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը և ապօրինի օգտագործումը, ապահովել կանխարգելման միջոցառումների իրականացումը։
Ելնելով նշվածից՝ շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններն են՝
- ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը և ջրախնայող ժամանակակից մեթոդների կիրառումը՝ բացառելով ռեսուրսի գերշահագործումը.
- Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և պահպանությունը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունը և կառավարումը.
- անտառների կայուն կառավարումը, անտառածածկ տարածքների ընդլայնումը, անտառվերականգնումը և անատառապատումը, դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական զարգացումը.
- կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող խնդիրների մեղմման և կանխարգելման, ինչպես նաև հարմարվողականության գործողությունների իրականացումը՝ համաձայն միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների.
- բնության հատուկ պահպանվող տարածքների հզորացումը, հարակից բնակավայրերի կարողությունների զարգացումը.
- կենսաբազմազանության պահպանությունը և կենսաանվտանգության ապահովումը, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների հաշվառումը.
- հողային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, հողերի աղտոտման և դեգրադացման կանխարգելմանն ու նվազմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը.
- հանքերի փակման (ռեկուլտիվացիայի) ժամանակակից մեխանիզմների կիրառման խթանումը.
- քիմիական նյութերի և թափոնների (այդ թվում՝ ընդերքօգտագործման) էկոլոգիապես անվտանգ կառավարումը.
- շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական գործընթացի արդյունավետ իրականացումը.
- շրջակա միջավայրի մոնիթորինգի, թույլտվությունների, լիցենզիաների միասնական և ժամանակակից համակարգերի ներդրումը, առաջնային տեղեկատվության համակարգված կառավարումը.
- կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը.
- մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումը և արգելումը.
- շրջակա միջավայրի կառավարման ոլորտում գործող միջազգային կառույցների հետ շարունակական համագործակցության ապահովումը, մասնակցությունը նոր նախաձեռնություններին.
- շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների և լծակների ճկուն համակարգի ներդրումը, միջազգային կառույցների հետ համատեղ ֆինանսա-վորման նորարարական մեխանիզմների ներառյալ բնապահպանական ծրագրերով պարտավորությունների հաշվանցման մեխանիզմի մշակումը և ներդրումը.
- բնապահպանական օրենսդրության ներդաշնակեցումը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դիրեկտիվներին և այդ համատեքստում միջազգային համագործակցության ընդլայնումը՝ ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով.
- անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացումը.
- էկոլոգիական իրազեկման, էկոկրթության, մշակույթի, դաստիարակության լայնածավալ միջոցառումների իրականացումը, էկոլոգիական գիտության դերի բարձրացումը։
Իր ֆեյսբուքյան էջում է հրապարակել ՀՀ բնապահպանության նախարար՝ Էրիկ Գրիգորյանը