Մենք մեր առաջ ոչ թե նպատակ ենք դրել ինչ-որ մարդկանց, հաստիքներ կրճատելու, այլ դարձնելու համակարգն ավելի արդյունավետ. Արագածոտնի մարզպետը՝ կրճատումների մասին
Ամսաթիվ: 19:02:09 - Դիտում: 34
«Իմ կարծիքով՝ մեկ փոխմարզպետը քիչ չի լինի, կկարողանանք աշխատանքը կազմակերպել, հաշվի առնելով նաև, որ վարչությունների թիվն է կրճատվելու, և ստացվում է, որ վարչության պետերը շատ են մոտենալու մարզպետի տեղակալներին»,-ասաց նա:
Հարցին, թե մյուս կողմից էլ մարզպետի լիազորություններն են մեծանալու, արդյոք դա ծանրաբեռնվածության վրա չի՞ ազդի, մարզպետն ասաց. «Մենք մեր առաջ ոչ թե նպատակ ենք դրել ինչ-որ մարդկանց, հաստիքներ կրճատել, այլ դարձնել համակարգն ավելի արդյունավետ»: Նա հայտնեց, որ մոտավորապես 30 տոկոսի կրճատում է նախատեսվում:
Դիտարկմանը, թե մի կողմից մարդկանց կրճատում եք, մյուս կողմից այլընտրանք չեք ապահովում և դրանով ավելացնում գործազրկության թիվը, Դավիթ Գևորգյանը նշեց. «Մենք պետք է հասկանանք, որ պետությունը ուղղակիորեն աշխատատեղ բացող չէ, այլ ընդամենը բարենպաստ պայմաններ է ապահովում ներդրումների համար և դրա հետևանքով աշխատատեղեր են բացվում»:
Մարզպետը նշեց, որ մարզպետարանների դերն է փոխվում և ըստ նրա` մարզպետարանները առաջին հերթին պետք է զբաղվեն մարզի զարգացմամբ, ներդրումներ պետք է լինեն, ծրագրեր լինեն և դրա արդյունքում միանշանակ նոր աշխատատեղեր են բացվելու, և մարդիկ, ովքեր կկրճատվեն, շատ հնարավոր է՝ այդտեղ անցնեն աշխատանքի:
«Պետական համակարգը, ցավոք սրտի, տարբեր աշխատակիցների պատճառով չի զարգացել, առաջ չի գնացել, որովհետև մարդիկ ապահով տեղավորվել են ինչ-որ բաժնում և չեն ցանկացել վերապատրաստվել, կրթվել, ասել են՝ հեռանկար չկա առաջ գնալու, ինչը այդպես չէ մասնավոր հատվածում»,-ասաց նա:
Հարցին, թե որքա՞ն ներդրում եք բերել մարզ և քանի՞ տոկոս գործազրկության խնդիր եք լուծել, մարզպետը նշեց, որ դա պարզելու համար պետք է ուսումնասիրություն իրականացվի: «Կարող եմ ասել, որ կան կոնկրետ ծրագրեր, օրինակ` Ռուսաստանի ամենամեծ լամպերի գործարանի, որը Ռուսաստանում արտադրվող լամպերի հիսուն տոկոսն է արտադրում, այդ ընկերության մասնաճյուղն է բացվելու մեր մարզում` Թալին քաղաքում է նախատեսվում, և ժամանակակից լամպեր ենք արտադրելու, որը սպառվելու է մեր երկրում, Ռուսաստանում և Իրանում, և այդպիսի շատ ծրագրեր կան»,-ասաց նա:
Մարզպետը նշեց, որ ծրագրեր կան նաև ջրերի արտադրության գործարան բացելու, տեքստիլ արտադրություն հիմնելու:
«Իմ հիմնական խնդիրն է մարզում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը»,-հավելեց նա: