Թուրքիայից Շիրակի մարզ է վերադարձվել գողացված տրակտորը

Ամսաթիվ: 19:02:07 - Դիտում: 162


Թուրքիայից վերադարձրել են ՀՀ Շիրակի մարզի Հայկավան գյուղի բնակիչ Գոռ Կարապետյանից գողացած տրակտորը։ Այս մասին Sputnik Արմենիայն հայտնել է Հայկավանի գյուղապետ Սամվել Մխոյանը։

МТЗ-82 տրակտորը գողացել էին 2018–ի սեպտեմբերի 30–ին սահմանամերձ արոտատեղից։ Հայաստանի օրենսդրության համաձայն` գիշերային ժամերին տեխնիկան պետք է հանվի այդ տարածքից։ Կարապետյանը սահմանապահներին ասել էր, որ տրակտորը անսարքության պատճառով է թողել դաշտում, որ վերադառնա ու հաջորդ օրը վերանորոգի։ Բայց հաջորդ օրը պարզվել է, որ տրակտորը գողացել են, իսկ հետքերը Թուրքիան են տանում։
Փետրվարի 6–ին թուրքական կողմը վերադարձրել է այն։ Sputnik Արմենիայի աղբյուրի խոսքով` փոխանցումը հնարավոր է դարձել ՀՀ իրավապահ մարմինների և ռուս սահմանապահների համատեղ գործողությունների շնորհիվ։
Հայկավանի գյուղապետը Sputnik Արմենիային հայտնեց, որ տրակտորն արդեն վերադարձրել են սեփականատիրոջը, բայց դեռ այլ տեղեկության չի տիրապետում։ Տերը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին սեփականությունը վերադարձնելու համար։
Աղբյուրի տվյալներով` գողության ու մեղավորների որոնման փաստով հետաքննությունը Թուրքիայում շարունակվում է։