Արցախ այցելած կոնգրեսականը պաշտոնապես իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ նախագահական ընտրություններին

Ամսաթիվ: 19:02:03 - Դիտում: 202


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Թուլսի Գաբարդը՝ Հավայի նահանգից, հայտարարել է 2020թ.-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Գաբարդի ելույթը ուղիղ եթերում հեռարձակվել է թվիթերյան իր էջում:

«Մենք պետք է հակահարված տանք գործող վարչակազմին, որն առաջնորդվում է «Ամերիկան՝ ամենից առաջ» կարգախոսով, սակայն մեր զինվորներին, զենքն ու շահերը վաճառում է այն երկրին, որն ամենաշատը կվճարի»,- իր ելույթում ասել է 37-ամյա Գաբբարդը:

Նա ընդգծել է, որ մտադիր է պայքարել երկու կուսակցությունների քաղաքական գործիչների դեմ, որոնք «մտածում են այն մասին, թե ինչ նոր պատերազմներ հրահրեն, և թե որտեղ պետք է մարդիկ մահանան»:

Հիշեցնենք, որ 2017-ի հոկտեմբերին Գաբարդն ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության կազմում այցելել է Հայաստան և Արցախ, որտեղ հանդիպում է ունեցել երկրի ղեկավարության հետ: Գաբարդը նշել էր, որ պատվով ներկայացնում է Հավայի նահանգը, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող և Արցախի անկախությունը ճանաչող բանաձևը: