Նորա Ջոնս (Norah Jones)

Ամսաթիվ: 13:09:30 - Դիտում: 435

Նորա Ջոնսի (Norah Jones) անունը հազվադեպ կարելի է տեսնել դեղին մամուլի էջերում. նա երբեք չի հայտնվել սկանդալային իրավիճակներում, երբեք չի քննարկել իր անձնական կյանքը լրագրողների հետ, իր անունը չի սիրում տեսնել ամսագրերի շապիկներին, բայց փոխարենը սիրում է ինքնամոռաց աշխատել և լինել գնահատված երաժշտասերների կողմից:



Նորա Ջոնս Շանկարը ծնվել է 1979թ. մարտի 30-ին Նյու Յորքում: Նրա հայրը հնդիկ հայտնի երաժիշտ Ռավի Շանկարն է, իսկ մայրը` երաժշտական պորդյուսեր և պարուհի Սյու Ջոնսը: Նորայի ծնողներն ամուսնալուծվում են, և Սյուն երեխայի հետ տեղափոխվում է Տեխաս:
Արդեն 5 տարեկանում Նորան երգում էր երգչախմբում, 7-ում հաճախում դաշնամուրի դասերի, իսկ 15-ում ընդունվում բարձրագույն երաժշտական դպրոց: Դպրոցն ավարտելուց հետո Նորան ընդունվում է Հյուսիսային Տեխասի համալսարան, որտեղ էլ ծանոթանում է հետագայում իր երգերի համահեղինակի` Ջեսի Հարիսի հետ: Երեկոյան Նորան վաստակում էր իր ապրուստի միջոցը ակումբներում: Երբեմն միայնակ, երբեմն Հարիսի կամ այլ երաժիշտների հետ պատվերով երաժշտություն էր կատարում: «Ես ջազային ստանդարտներ էի երգում ակումբներում, և մարդիկ միշտ ուզում էին Սինատրայի երգացանկից, բայց մի երգ ես ինձ թույլ չէի տալիս կատարել` «My way»: Այն հիանալի է հնչում Սինատրայի կատարմամբ, բայց ես հիմար կլինեի, եթե թույլ տայի ինձ կատարել այն 20 տարեկանում»:



1999 թ. Ջոնսը վերադառնում է ծննդավայր` Նյու Յորք: Նա ստեղծում է սեփական երաժշտական խումբը, որի կազմի մեջ մտան Լի Ալեքսանդրը, Դեն Ռիզերը և կիթառահար Ջեսի Հարիսը: Թերևս այն քիչ փաստերից մեկը, որ կա Նորայի անձնական կյանքի մասին այն է, որ երգչուհու առաջին լուրջ սիրային հարաբերությունները եղել են խմբի բաս կիթառահար Լի Ալեքսանդրի հետ: «Իմ ու Նորայի հարաբերություններն ուրիշ հարթակի վրա էին ընթանում: Դրանք նորմալ հարաբերություններ չէին. մենք խելագար էինք, ցնորված,մենք կապված էինք միմյանց անտեսանելի, բայց բավականին հաստ թելերով: Իսկ երբ դրանք կտրվեցին, իմ կյանքում պակասեց արևը` Նորայի ջերմության ու լուսավորության արևը»,- հարցազրույցներից մեկում ասում է Լի Ալեքսանդրը:Բավականին երկարատև հարաբերություններն ավարտվում են անսպասելի: Նորան ոչ մի հայտարարություն չի անում թեմայի շուրջ, և միայն 2007 թ. Ալեքսանդրից է դառնում հայտնի, որ զույգն այլևս միասին չէ:



20 տարեկանում Նորան կայացնում է թերևս իր ամենաճիշտ ու ճակատագրական որոշումը: «Ես չէի կարող տեղում դոփել. ոչ ոք չի պատրաստվում քեզ առաջ մղել, եթե ինքդ չանես դա: Ես երբեք համարձակ չեմ եղել, բայց երգն ինձ դարձրեց այդպիսին»: Երկար մտատանջություններից հետո, նա որշում է փորձել իրեն: Նորան ջազային լեյբլ Blue Note-ի ղեկավարին` Բրյուս Լանդվալին է փոխանցում իր դեմոձայնագրությունները: Վերջինս լսում է Նորայի ձայնը, հասկանում, որ աղջկա տաղանդն անհավանական արտահայտիչ է: «Նա կարողանում է երգել այնպես, որ դու չլսես բառերը, դու քո բառերն ես գրում նրա երաժշտության ու ձայնի ներքո»: Լանդվալն անմիջապես պայմանագիր է կնքում 20-ամյա Նորայի հետ, և սկսվում են ձայնագրման, ալբոմի ստեղծման աշխատանքները: Այսպես էլ ջազային բեմին հայտնվում է նոր անուն` Նորա Ջոնս: 2002թ. ԱՄՆ-ում չկար ավելի վառ ու ճանաչված աստղ, քան Նորա Ջոնսն է:
Նորայի դեբյուտային ալբոմը` «Come Away With Me» (2002) վաճառվում է ավելի քան 20 միլիոն օրինակով և սահմանում բոլոր ռեկորդները` ստանալով 5 Գրեմմի մրցանակ:



Նորայի հաջողությանը շատերը թերահավատորեն են մոտենում: Նրա հայրը շատ հայտնի երաժիշտ է, և աղջկա հաջողություններն էլ մարդիկ մշտապես փորձել են կապել այդ փաստի հետ: «Ես նյարդայնանում եմ, երբ մարդիկ այդպես են խոսում: 9 տարեկանից հետո ես հորս տեսել եմ ընդհանուր վերցրած մոտ 10 անգամ, նրա երաժշտությունը բոլորովին այլ է, իմը` այլ, մենք չենք շփվում նույնիսկ: Ինձ ծայրահեղ տհաճ է, երբ այդպիսի կարծիք եմ լսում, համոզված եմ, որ տհաճ է նաև հորս, քանի որ դա չի համապատասխանում իրականությանը»: Նորայի հոր` Ռավի Շանկարի երաժշտական կարիերան գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերկարատև միջազգային մասշտաբի կարիերա:
2004 թ. Time ամսագիրը Նորային ներառեց 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, իսկ հեղինակավոր Billboard-ի կարծիքով, Նորան մտնում է 21-րդ դարի լավագույն ջազ արտիստների շարքը:



Ես մելանխոլիկ չեմ, կենսուրախ, աշխատասեր մարդ եմ, պարզապես ավելի հակված եմ մելանխոլիկ երաժշտության. դա հանգստացնում է, նոր ուժեր տալիս:

Ես փորձում եմ չնմանվել ոչ մեկին, քանի որ գիտեմ՝ տհաճ է, երբ մեկն ուզում է քո էժանագին կրկնօրինակը ստանալ:

Չեմ կարծում, որ վատ է, երբ կիսվում ես էմոցիաներով, ներաշխարհդ մի փոքր բաց անում մարդկանց համար:

Ես երբեք չեմ խոսում իմ անձնական կյանքի մասին, որովհետև ոչ մեկին կարդալուց 1 ժամ հետո պետք չի գա այդ ինֆորմացիան: Ես չեմ սիրում հայտնվել ամսագրերի շապիկներին, անվերջ հարցազրույցներ տալ: Չեմ հասկանում, երբ արտիստներն իրենց այդպես բացում են, սպառում:

Սիրո մեջ ամեն ինչ արդար է այնպես, ինչպես ստեղծագործելու մեջ:

Իմ առաջին պրոֆեսիոնալ լուսանկարահանումը ես տանել չեմ կարողանում: Նրանք տոննաներով կոսմետիկա էին լցրել դեմքիս, մազերս սարքել անբնական և դեռ այդքանից հետո ուզում էին, որ ժպտայի: Աստված իմ, ես հավի էի նման:

Ես այն քիչ կանանցից եմ, ովքեր չեն սիրում շոփինգ, չեն սիրում լուսանկարվել, չեն սիրում շատախոսել:

Սիրում եմ ընկերներիս, սիրում եմ կյանքս, աշխատանքս, չեմ ուզում արթնանալ այս երազից:

Սիրում եմ մտքերի խիստ հսկողության տակ լինել:

Պետք չէ գոռալ, որ տաղանդավոր ես. եթե դու իսկապես տաղանդավոր ես, մարդիկ կանեն դա քո փոխարեն: